Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի վեցերորդ կիրակին, ինչպես մնացած հինգը, նույնպես իր առանձնահատուկ անունն ունի և կոչվում է Գալստյան կիրակի։ Այն Հիսուսի ոչ միայն երկրորդ, այլև առաջին գալստյանն է վերաբերում, ինչի մասին կկարդանք ստորև։
Եկեղեցին այս կիրակիի խորհրդով նախ հիշեցնում է Փրկչի Առաջին գալուստը, այսինքն` մարդեղությունը, հավատացյալների մտքում թարմացնելու համար ավետարանական այն հիմնական ճշմարտությունը, թե մարդու վերականգնումը հնարավոր եղավ Քրիստոսի Առաջին գալստյամբ:
Հիսուսի Առաջին գալուստը կատարվեց իբրև Սուրբ գրքում խոստացված Մեսիայի հայտնություն: Եվ արդարև, այս կիրակի ավետարանական ընթերցվածքն սկսվում է Հիսուսի մեսիական հանգամանքը հաստատելով: «Մեսիան» հին մարգարեների կողմից կանխատեսված և բոլորից ակնկալված Փրկիչն էր, Ով, ըստ Ավետարանի և, հետևաբար, քրիստոնեական հավատի, աշխարհ եկել և մարմնացել էր Հիսուսի անձում («Մեսիա» բառի հունարենը «Քրիստոսն» է, որը թարգմանվում է «Օծյալ»): Կրոնական այս ճշմարտությունը Հիսուսն Իր քարոզության սկզբնական շրջանում քողարկված պահեց, բայց վերջին շրջանում հարկավոր նկատեց խոսքով բացահայտել թե՛ աշակերտներին և թե՛ հրեա հանրությանը: Նույնն է և ասում այդ օրվա համար կատարվող շարականը.
Քո գալստյան մեծ խորհուրդը
Դու նախապես հայտնեցիր
Իսրայելի մարգարեներին,
ՈՒմ ընտրեցիր Մովսեսից հետո,
Ովքեր Սուրբ Հոգով խոսեցին
Բազմապիսի պատգամներով:
Տո՛ւր մեզ, Փրկիչ, ողորմություն
Եվ մեղքերին մեր` թողություն:
Երբ մոտեցան այն տարիները,
Որ կանխատեսները ծանուցեցին,
Հասար մեզ, ո՛վ մեր Փրկիչ`
Ժամանակնե՛րը լրացնող:
Երևացիր մարդկանց մեջ,
Ծառաներիդ հետ ապրեցիր:
Վեցերորդ օրը ստեղծեցիր
Քո պատկերով հին Ադամին,
Ով պատվիրանը չպահեց
ՈՒ կորցրեց պատմուճանը:
Իսկ նոր Ադամդ վեցերորդ դարում
Այցելեցիր կորուսյալին:
Արդեն ասացինք, որ քրիստոնեական եկեղեցին հավատում է նաև Քրիստոսի Երկրորդ գալստյանը, այս մասին, նախ, տարակույսի ոչ մի նշույլ չի թողնված ավետարաններում, մանավանդ Տիրոջ անսուտ բերանից ելած այս մեկով. «Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև Ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք` օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մատթ. 23. 39)։
ՈՒ բնական է, որ մարդկանց հետաքրքրեին այդ օրվա մանրամասներն ու կատարվելիքը ժամանակին, և երբ Իր աշակերտները հարցրին այդ մասին. «Տե՛ր, մեսիական թագավորությունն ա՞յս ժամանակում պիտի վերահաստատես», Հիսուսի պատասխանը ոչ միայն Նրան շրջապատող առաքյալների համար էր, այլ նաև բոլոր ժամանակների բոլոր քրիստոնյա սերունդների համար. «Ձեզ չի վերաբերում իմանալ այն ժամերը և ժամանակները, որոնք Հայրն Իրեն է վերապահել: Սակայն դուք պիտի զորություն ստանաք, երբ Սուրբ Հոգին ձեզ վրա իջնի, և Ինձ համար վկաներ պիտի լինեք Երուսաղեմում ու աշխարհի տարբեր ծայրերում»: Նույն գաղափարը Հիսուսը հայտնել էր նաև Իր երկրավոր կյանքի ընթացքում: Ակնարկելով վերստին Իր Գալուստը` ասել էր. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ոչ երկնքի հրեշտակները, ոչ էլ Մարդու Որդին (ակնարկելով Իրեն), այլ միայն Հայրը»:
Հակառակ այս հստակ հայտնությանը, բոլոր դարերում և բոլոր ժամանակներում գտնվել են մարդիկ և քրիստոնեական խմբակներ, որոնք ճշտել են Հիսուսի Երկրորդ գալստյան օրը և թվականը: Օրինակ` փրկչական 1000 թվականն այդպիսի եռուզեռի մի շրջան է եղել, և մարդիկ ահավոր անձկության են մատնվել Նրա վերադարձի ակնկալությամբ:
19-րդ դարում մեջտեղ եկան հատկապես «Գալստական» (ադվենտիստ) կոչված աղանդավորները, ովքեր 1840-ականներին տակնուվրա արեցին մարդկանց ներաշխարհը:
Մինչ օրս էլ այս մարդկանց արմատը չի չորացել, ովքեր շեշտը դնում են Քրիստոսի Երկրորդ գալստյան վրա և խղճահար հոգիներին պահում հոգեկան տագնապի մեջ` շարունակ փողհարելով, թե «մոտ է» Տիրոջ Գալուստը: Հիսուսը զանազան պատկերներով բացատրում է Իր գալստյան հանկարծակիությունը: Փայլակի նման կլինի, որը հանկարծ տեսանելի կդառնա երկնքում: Կնմանվի գողի, որի ժամանակը ոչ ոք չի կարող իմանալ, հեռու աշխարհ գնացած տանտիրոջ, ով օրերից մի օր հանկարծ վերադառնում է, երբ ոչ ոք չի ակնկալում նրա վերադարձը:
Երկրորդ գալստյան նախանշանները թեև Հիսուսը չի ասում, թե երբ պետք է տեղի ունենա Իր գալուստը, բայց հաստատում է, թե ինչե՛ր պետք է պատահեն նախքան Իր վերադարձը: Հիսուսի Երկրորդ գալստից առաջ, ըստ Ավետարանի, բարոյական ու ֆիզիկական տագնապի և կործանումի դեպքերի շարք կլինի: Նախ` կերևան «սուտ մարգարեներ», որոնք կքարոզեն և կհայտարարեն, թե` «ես եմ Քրիստոսը» և շատերին կմոլորեցնեն: Նրանց թակարդից ազատվողները Քրիստոսի թշնամիներից կենթարկվեն հալածանքների. «Ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ... Անօրենության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի»: Երրորդ` պատերազմներ և պատերազմական պատրաստություններ կլինեն. «Ազգը ազգի դեմ պիտի ելնի... և պիտի լինեն համաճարակներ»: Եվ, վերջապես, երկնքի վիճակը կխանգարվի. «Արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն»: Աշխարհը տակնուվրա պիտի լինի, և մարդիկ ահավոր շվարումի ու շփոթմունքի պիտի մատնվեն:
Այս նախանշաններից շատերը Եկեղեցու հիմնումից մինչև մեր օրերը պատահել և շարունակում են ու կշարունակեն պատահել մինչև աշխարհի վախճանը: Բոլոր հերետիկոսները, Ավետարանում հիշվածներից մինչև եկեղեցական պատմության մեջ ի հայտ եկած «հարյուր հիսունինը» հերձվածողներն ու աղանդավորները, ըստ մեր ձեռնադրության Մաշտոցի թվարկման, մինչև մեր օրերի եհովականները, գալիս են «հանուն Քրիստոսի», և եթե նույնիսկ բացեիբաց չեն հայտարարում` «ես եմ Քրիստոսը», սակայն խոսքով ու գործով դրան են միտում: Քրիստոսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Եվ բոլոր հերետիկոսներն անխտիր հայտարարում են, թե իրենց քարոզածն է «ճշմարտությունը», իրենք են ցույց տալիս ուղիղ «ճանապարհը», և, վերջապես, իրենց ուսուցումն է, որ պարգևում է հավիտենական «կյանք»: ՈՒրիշ խոսքով` իրենք իրենց ուղղակի կամ անուղղակի հռչակել են «փրկության առաքյալ», ինչը նշանակում է գողանալ Քրիստոսի տեղը և դերը:
Սրանց համար է, որ Քրիստոսն ասում է. «Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով և շատերին կմոլորեցնեն. մի՛ հավատացեք նրանց»: Սրանք այն մարդիկ են, ովքեր շարունակ Ավետարանից են ճառում, սակայն իրականում շեշտում են իրենց հատուկ ինչ-ինչ ուսուցումները` մերժելով ավետարանական կամ ավանդական այլ ուսուցումներ, ամեն ինչ անում են «մոլորեցնելու համար, եթե հնարավոր է, նաև ընտրյալներին: Մի՛ գնացեք նրանց հետևից»,- եզրակացնում է Հիսուսը:
Տիեզերքի մեծագույն դրամայի հիշատակումով է փակվում Մեծ պահքի կիրակիների այս` այնքան իմաստալից ոսկե շղթան: Քրիստոսի Երկրորդ գալստյամբ բացվում է մի նոր դարաշրջանի` «նոր երկնքի ու նոր երկրի» վարագույրը, ուր Մեծ պահք այլևս չպիտի գոյություն ունենա, ոչ էլ այն մահվան պատճառները, որոնք անհրաժեշտ դարձրին Մեծ պահքը: Եվ ըստ Տիրոջ խոստման` այս նոր միջավայրում ուրախությունը, ցնծությունը և «արդարությունը պիտի բնակվեն»:
Տերը արժանացնի բոլորիս։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ